Շուրթերիս դեռ չի դողացել ոչ մի սուտ երդում: Սուտ երդումները միայն մեղավոր շուրթերն են սերտում:

Համո Սահյան

Սարդոստայնից` արվեստի լրջագույն գործեր. գյումրեցի նկարիչի բացառիկ աշխատանքները (լուսանկարներ, տեսանյութ)

am
sardostaynic-arvesti-lrjagouyn-gorcer-gyoumreci-nkarici-bacarik-asxatanqnere-lousankarner--tesanyout

Գյումրին բոլոր ժամանակներում եղել և մնում է հետաքրքիր ու ինքնատիպ քաղաք՝ իր մշակութային միջուկով: Այստեղ ապրում են արվեստն ու մշակույթը կենսակերպ դարձրած մարդիկ:

ՀԱՅ ՁԱՅՆ-ը փորձում է Գյումրիում քիչ կամ չբացահայտված անկյունների ու մարդկանց բացահայտման ճանապարհով գնալ: Այս անգամ մեր թղթակիցը եղել է ժամանակակից արվեստի մի հետաքրքիր արվեստանոցում: Անդրանիկ Ավետիսյանը՝ Ադոն, այն բացառիկ նկարիչն է, ով 21-րդ դարում աշխարհում առաջինն է գեղարվեստական պատկերներ ստեղծում անմիջապես սարդոստայնից:

Արվեստի պատմության մեջ 500 տարի առաջ թվագրվում է այն իրողությունը, որ դեռևս XVI-րդ դարում Արևելակենտրոնական Ալպերի հեռավոր հովիտներում վանականները ստեղծում էին նկարներ՝ սարդոստայնից պատրաստված կտորների կտավների վրա:

21-րդ դարում, գյումրեցի նկարիչ Ադոն սարդոստայնից ոչ թե կտավի կտոր է ստանում, այլ արվեստի լրջագույն գործեր: «Ես սկզբում զբաղվել եմ յուղանկարչությամբ, աբստրակտ ոճի մեջ եմ նկարներ ստեղծել, հետո շատ պատահական եկավ այդ իդեան: Պատուհանի անկյունում տեսա սարդոստայնը, մտածեցի` ինչո՞ւ ոչ, կարելի է փորձել: Երկու տարի տևեց մինչև այս ամենը կարողացա կայացնել: Տեխնոլոգիան` համեմատած իմ նախկին արած գործի, բավականին բարդ է, քանի որ այս աշխատանքի մեջ սխալվելը, կոպիտ ասած, ճակատագրական է. ձեռքի անզգույշ շարժում ու վերջ` արդեն ավարտին հասնող աշխատանքը կարող է ջուրը լցվել »,- բացատրում է Անդրանիկ Ավետիսյանը:

Մեզ չափազանց հետաքրքրեց, թե նկարիչն ինչպե՞ս է ձեռք բերում իր գործերի «հումքը»՝ սարդոստայնը, Ադոն բացատրեց. «Սկզբում փորձեցի ինքս ստանալ այդ սարդոստայնը, հետո զգացի, որ շատ բարդ ճանապարհ էր, ու սկսեցի սարդոստայն ձեռք բերել որտեղից հնարավոր է`հին չբնակեցված տներից, տարածքներից և այլն: Հիմնականում իմ աշխատանքները, կարծես թե, նախապես տեսնում եմ ու հետո դրանք վերածում արվեստի գործերի: Կամ որոշակի թեմաների փիլիսոփայություն եմ փորձում փոխանցել` որևէ երևույթից ու թեմայից ազդված: Այդպես են ստեղծվում այս աշխատանքները»:

Վերջին տարիներին Անդրանիկ Ավետիսյանի աշխատանքների ցուցասրահում կհանդիպեք տարբեր երկրներից եկած զբոսաշրջիկների, նրանց առաջին արձագանքը՝ զարմանքն է: Արվեստագետը մինչ այսօր ցուցասրահ այցելած հյուրերից առանձնացնում է մասիսցի 80-ամյա մի տիկնոջ, որը լրատվամիջոցներից մեկով լսել էր Գյումրիում գործող այս յուրատիպ արվեստանոցի մասին, ապա հատուկ այդ նպատակով եկել Գյումրի: Հետո բազմաթիվ մարդկանց էր հարցրել արվեստանոցի գտվելու վայրի մասին և, վերջապես, գտել ու իր աչքով էր տեսել սարդոստայնային արվեստի գործերը:

Այն, որ ժամանակակից արվեստի այս ճյուղը դեռևս քիչ բացահայտված է և ունի ճանաչելիության խնդիր` փաստում են ոլորտի մասնագետները: Հետևաբար, միջազգային ցուցահանդեսներում և այլ հարթակներում պետք է հայկական յուրօրինակ ու չկրկնվող այս արվեստն արտահանել, ցուցադրել և ճանաչելի դարձնել:

Անդրանիկ Ավետիսյանը 2017թ. մասնակցել է Կաննի «Աշխարհի նկարիչները » Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսին՝ որտեղ էլ արժանացել է «Նոր տաղանդ և ամենաստեղծագործական միտք» մրցանակին:

«Իհարկե, նոր հարթակներում գտնվելու ցանկություն կա, նոր ցուցահանդեսների մասնակցել, բայց դա աշխարհի արվեստագետների ձեռքում է, թե ինչպես կընդունեմ, ինչպես կգնահատեն»,- մանրամասնում է Անդրանիկ Ավետիսյանը: Արվեստագետը վստահեցնում է, որ պետք է ամենօրյա աշխատանքային ընթացքը շարունակել՝ ստեղծագործել ու մարդկանց առաջարկել նոր ու էլ ավելի հետաքրքիր «արտադրանք»:

Սարդոստայնային արվեստի հետաքրքիր գործերից մեկը կարող եք դիտել ՀԱՅ ՁԱՅՆ-ի տեսանյութի միջոցով:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ